Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Մշակույթն ազգի գոյության հենասյունն է (երաժշտաբուժությամբ նորոգվելու ճանապարհը)

Մշակույթն  ազգի գոյության հենասյունն է (երաժշտաբուժությամբ նորոգվելու ճանապարհը)
02.04.2023 | 21:43

…Լուսինե Զաքարյան տուն-թանգարանի դիմագրքի էջում նախապես տրված հայտարարության համաձայն տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված երաժշտաբուժությանը. որպես բանախոս հրավիրված էր Մաշտոցի անվան Մատենադարանի Արվեստի պատմության և գրչության կենտրոնների ուսումնասիրման բաժնի գիտաշխատող, Կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամ ԱՐՓԻ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ:

Միջոցառմանը ներկա էին երգեհոնահար Հարություն Թագվորյանը, բանաստեղծ Կորյուն Առաքելյանը, գործարար Գագիկ Բադալյանը, Հայաստանի և Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միությունների անդամ, կինոգետ, «Ֆիլմ» ամսագրի խմբագիր Ռոբերտ Մաթոսյանը, Իսպանիայից ժամանած բանաստեղծուհի Ասյա Եղիազարյանը, քիմիկոս-տեխնոլոգ Սանդուխտ Կարապետյանը, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի դոցենտ, բանասիրական գիտ. թեկ. Գոհար Առաքելյանը, կենսաբանական գիտ. թեկ. Իրինա Դանիելյանը, ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Աշոտ Օհանյանը, սիրիահայ գործարար, արդեն վաղուց Հայաստանի բնակիչ Գևորգ Բեյազբեքյանը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Հին դարերի պատմության բաժնի վարիչ, նաև Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների համալսարանի դոցենտ Գոհար Վարդումյանը, լրագրող Ռիմա Պետրոսյանը, երգչուհի Մադլեն Ասրյանը, դաշնակահար Վարդուհի Սուքիասյանը, Լուսինե Զաքարյանի և Խորեն Պալյանի հարևանուհին՝ պետական, քաղաքական գործիչ Լիտվին Ղազարյանի կինը՝ Նելլի Ղազարյանը, Առնո Բաբաջանյանի, Շառլ Ազնավուրի անվան երաժշտական ուսումնարանների ուսանողները և այլք:

Արփի Վարդումյանը ներկայացրեց ուշագրավ տեղեկություններ՝ նվիրված հայ միջնադարյան երաժշտությանը: Նա հատկապես կանգ առավ Հովհաննես Պլուզ Երզնկացու ժառանգության, Կոմիտասի գրած վերջին հոդվածի վրա, որը նոր բացահայտումներ է բերում միջնադարյան Հայաստանում երաժշտաբուժության ակունքների վերաբերյալ:

Ներկայացնենք մի հատված Արփի Վարդումյանի զեկուցումից և ուսումնասիրություններից.

-Կոմիտասը տարբեր տեսանկյուններից ուսումնասիրված է, բայց դեռ չենք գիտակցել, որ նա մեր ժամանակների երաժշտաբուժության հիմնադիրն է: 1915 թ. մարտին նա իր վերջին հոդվածը՝ «Բժշկություն երաժշտությամբ» տպագրել էր Թեոդիկի «Ամենուն տարեցույցը» պարբերականում: Դա փոքրիկ, բայց ՝ բովանդակալից հոդված էր: Նույնիսկ չհասցրեց կամ ժամանակ չունեցավ ուսումնասիրելու, թե ով է այդ ձեռագրի հեղինակը, որովհետև այն ժողովածու էր և բազմաթիվ հեղինակներ էին նշված հիշատակարանում: Ձեռագիրն Էջմիածնում էր: Սակայն հետո տեղափոխվեց Մատենադարան, և ես պարզեցի, որ դա Հովհաննես Պլուզ Երզնկացու «Մեկնություն քերականի» աշխատությունն էր:

Երբ կարդացի Կոմիտասի այդ հոդվածը, ուսումնասիրեցի ու հասա մինչև Մխիթար Հերացի…

Միջնադարում առանձնացնում էին երաժշտության երկու տեսակ՝ մարդկային և աստվածային: Աստվածայինը հենց հոգևոր երաժշտությունն էր: Մարդկայինը՝ խնջույքային, գուսանական երաժշտությունը: Բայց. ի վերջո, այստեղ ևս պահպանվել են դասական, մնայուն արժեքները:

Միջնադարում, ճիշտ է, տեսություններ կային երաժշտաբուժության վերաբերյալ, սակայն որևէ երկում երաժշտաբուժությունը առանձին չի լուսաբանված: Բազմաթիվ ձեռագրեր պիտի պրպտել երաժշտաբուժության մասին առանձին տեղեկություններ գտնելու համար: Եվ սա այդ ձեռագրերից մեկն է եղել:

Արփի Վարդումյանը երկար պրպտումների շնորհիվ պարզել է, որ այս ձեռագրի հեղինակը 13- րդ դարի Կիլիկյան Հայաստանի անվանի փիլիսոփա, բնագետ, քերական, բանաստեղծ, երգահան և բժիշկ Հովհաննես Պլուզ Երզնկացին է, որը սույն աշխատության գաղափարը հղացել է Հռոմկլայում։ Երկի վերնագիրն է «Հավաքումն մեկնութեան քերականին», և հենց այստեղ են արծարծված երաժշտաբուժության մասին միջնադարյան պատկերացումները, որոնք գրավել են Կոմիտասի ուշադրությունը Էջմիածնում աշխատելու ժամանակ։ Նա գտնում է, որ հին աշխարհի իմաստուն֊ երաժիշտները երաժշտությամբ հիվանդներ բուժելու գրեթե բոլոր գաղտնիքները երևան են հանել, այսինքն՝ նրանք երգում էին հիվանդներին բուժելու համար, քանի որ՝ ինչպես դեղ խմելն է ազդում հիվանդությսն վրա, այնպես էլ երաժշտությունն է լսողության միջոցով ազդում հիվանդի հոգեկան աշխարհի վրա։

-Պատահական չէ, որ դեռևս հին աշխարհի մեծ փիլիսոփա և մաթեմատիկոս Պյութագորասն էր ասում, որ հոգին երաժշտությամբ է ապրում,-ընդգծեց Արփի Վարդումյանը:

Արփի Վարդումյանի խոսքը լրացրեց Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանի տնօերն, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բիոէթիկայի ամբիոնի Հայֆա Հայաստանյան մասնաճյուղի վարիչ, արվեստի սոցիոլոգ, փիլիսոփայական գիտ. դոկտ. Սուսաննա Դավթյանը.

-Երաժշտությամբ բուժելու առաջին գիտական փորձերը կատարվել են ԱՄՆ-ում 19-րդ դարի վերջին: Նյարդաբան Ջեյմս Կորնինգը նյարդային և հոգեկան հիվանդություններ ունեցողներին լիարժեք բուժելու նպատակով օգտագործեց դասական երաժշտություն: Հատկանշական է, որ նա ընտրեց ոչ թե Մոցարտի հոգեհմա, լուսապայծառ երաժշտությունը, ոչ թե Վերդիի ժողովրդական, հեշտ ընկալելի երաժշտությունը, ոչ թե Բեթհովենի վեհաշունչ պաթետիկ երաժշտությունը , ոչ թե Բախի եզակի բազմաձայնությունը, այլ Վագների դժվարամարս երաժշտությունը: Նրա փորձը ունեցավ հաջողություն և շատ շուտով այն տարածվեց ոչ միայն ԱՄՆ-ում, այլև Եվրոպայում:

…Երաժշտաբուժությունը հայտնի է եղել հին Չինաստանում, Հնդկաստանում, Հունաստանում, ինչպես նաև Հայաստանում: Հետևաբար, այն մեզանում ոչ թե պետք է զարգանա, այլ վերածնվի…

Սուսաննա Դավթյանը ուշադրություն հրավիրեց այն տխուր հանգամանքի վրա, որ այսօր բոլոր մեխանիզմներով ազդում են նոր սերնդի ենթագիտակցության վրա:

-Այսպես օրինակ. Երևանում «Չիկոլինո», «Պիկոլինո» խանութներից ձեռք են բերում օրորոցներ, որտեղ պառկած նորածին երեխայի ականջը լցվում է ամերիկյան, արտասահմանյան «երգով»: Ինչու՞: Մենք մեր երաժշտությունը չունեն՞նք: Ի՜նչ չքնաղ օրորոցայիններ ունենք: Ինչպես իրավացիորեն նշում է երաժշտագետ Արթուր Շահնազարյանը, հայ սերնդի համար ոչ մի գործոն այնքան ավերիչ չի եղել, որքան ԶԼՄ-ներով մատուցվող ապազգային երաժշտությունը: Օտար ելևէջներով այդ հակամշակույթը քայքայում է երիտասարդի օրգանիզմը: Դա շատ վտանգավոր է , որովհետև մեր երեխաները խելք ունեն, կարող են հիմար բաները խելոք բանից տարբերակել, չընդունել: Բայց, երբ որևէ բան իրենցից կախված չէ, մի ականջից մտնում է, և մարդն էլ չի հասկանում՝ ինչ է իր հետ կատարվում: Խեղաթյուրում է մարդու գիտակցությունը, հոգեկան աշխարհը:

Պյութագորասին հիշատակեմ, որն ասում էր, թե ծնված օրից երեխայի հոգին պետք է լցնել ազգային երաժշտությամբ: Սա ճապոնացիները զենք են դարձրել. նույնիսկ համալսարաններում իրենց ազգային երգն են սովորեցնում: Իսկ մենք հաճախ օտարամոլ ենք, երբեմն էլ՝ ստրկամիտ…Շատ վատ է:

Իր հերթին թանգարանի հյուրը Գոհար Վարդումյանը՝ որպես մանկավարժ, ուշադրություն հրավիրեց մի անցանկալի երևույթի վրա.

- Ցավալի է , որ երիտասարդները չեն ճանաչում մեր մեծերին՝ Գոհար Գասպարյան, Լուսինե Զաքարյան…Ես նաև դասավանդում եմ բուհում: ՈՒ երբ հաճախ զարմացած հարցնում են.

-Ո՞վ է Լուսինե Զաքարյանը, Գոհար Գասպարյանը…

Ասում եմ.

-Երեխաներ, չեք պատկերացնի՝ որքան ամոթ է, որ դուք չգիտեք….

Լուսինե Զաքարյանը ազգային արժեք է: Ես ինքս ազգային մշակույթ եմ դասավանդում: Հայ երիտասարդը անպայման պիտի իմանա իր ազգային մշակույթը: Եվ վստա՛հ եղեք, որ նրանք ուղղակի ծարավի են իրենց ակունքները ճանաչելուն, մեր ազգային մշակույթն իմանալուն:

Եվ նրա հետ համամիտ էին ներկաները: Առանց ազգային մշակույթի միջոցով ինքնաճանաչման հասնելու հնարավոր չէ շարունակել մեր երթը պատմության մեջ:

Երգահան, երգիչ, գրող, ճարտարագետ Արսեն Համբարյանի ստեղծագործությունները հենց ազգային ոգու մարմնավորում են: Նա ևս խոսեց երաժշտության բուժիչ ազդեցության մասին և կատարեց Կոմիտասի «Հով արեք, սարեր ջան» երգը՝ գեղագիտական մեծ հաճույք պատճառելով ներկաներին :

Երգչուհի Մադլեն Ասրյանի կատարմամբ «Ղարաբաղի հորովելը» միշտ հիացմունք է պարգևել հայ մարդուն՝ նրան ամուր կապելով իր հայրենի բնօրրանին: ՈՒրեմն, երգը նաև ազգապահապան ազդեցություն ունի: Եվ երգչուհու հիանալի կատարումը ըմբոշխնեցին նաև միջոցառման հյուրերը:

Ավանդության մեջ սերնդի համար կրթա-դաստիարակչական նշանակություն են ունեցել նաև ժողովրդական կիրառական արվեստները, որոնց դպրոցներն այսօր պահպանության և խիստ հոգածության կարիքն ունեն: Եվ պատահական չէ, որ այս միջոցառումն ուղեկցվում էր նաև ցուցահանդեսով: Շիրակի շրջանից բազմաթիվ շնորհալի երեխաներ և վարպետներ ներկայացել էին իրենց գոբելենագործ աշխատանքներով: Այդ փաստը ևս չէր կարող վրիպել ներկաների ուշադրությունից:

Բանաստեղծ Կորյուն Առաքելյանն իր ելույթում նշեց.

-ՈՒրիշ թանգարանների էքսպոնատները նույնն են: Բայց Լուսինե Զաքարյան տուն-թանգարանն ամեն անգամ ապշեցնում է: Ամեն անգամ նոր, հետաքրքիր թեմա է, նոր, յուրօրինակ մթնոլորտ: Ամենակարևորը՝ այստեղ միշտ ներկա են երիտասարդները:

Երկար տարիներ Ռուսաստանում բնակված, այսօր ընտանիքով Հայաստանում հաստատված գործարար Գագիկ Բադալյանը նշեց, որ արդեն երրորդ անգամ է լինում Լուսինե Զաքարյան տուն-թանգարանում: Ամեն անգամ հիացած է միջոցառումների բովանդակությամբ, անցկացման բարձր մակարդակով, ու ոճով, հյուրերի ակտիվ ընդգրկվածությամբ.

Ելույթ ունեցավ երգչուհի (սոպրանո) Անի Գևորգյանը ՝ կատարելով «Սուրբ-սուրբ»-ը: Հանդես եկավ Շառլ Ազնավուրի անվան երաժշտական քոլեջի երկրորդ կուրսի ուսանող Սարգիս Մոսինյանը, որին նվագակցեց Հարություն Թագվորյանը:

Միջոցառումն անցավ ջերմ ու անկեղծ մթնոլորտում: Իսկ ներկաների խնդրանքով թանգարանի տնօրեն Սուսաննա Դավթյանի կողմից դաշնամուրային մի քանի կատարումներն ամբողջացրեցին օրվա հաճելի ակնթարթները:

Ներկաները թանգարանից հեռացան՝ իրենց հետ տանելով նոր բացահայտումներ: Եվ կարծում ենք, որ այդ միջոցառմանը մասնակից ամեն ոք նորից կխորհի ազգային ժառանգությունը պահպանելու ու զարգացնելու բոլոր մտահոգությունների շուրջ: Այդ մասին ժամանակին նշել է նաև ինքը՝ Խորեն Պալյանը.

«…Մենք կորցնում ենք մեր ազգային հատկանիշները, որոնցով բնորոշվում էինք, տարբերվում էինք մյուսներից: Սա արդեն հոգուն ուղղված հարվածն է: Ավետարանն ասում է՝ հոգին սպանողից վախեցեք: Այսպես շարունակվել չի կարող, շարունակությունը հայաթափումն է, որը ամենամեծ աղետն եմ համարում»:

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4046

Մեկնաբանություններ